Դվին, Անի, Բագարան, Շիրակավան, Կարս

անի կարս

Դվին — 4-րդ դարի 30-ական թթ. հայոց Խոսրով Կոտակ թագավորը Արտաշատից ոչ հեռու գտնվող բլրի վրա հիմնեց երկրի նոր մայրաքաղաքը’ Դվինը (քաղաքն այդպես էր կոչվում համանուն բլրի անունով)։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Դվինը մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվեց այստեղ, Դվինը դարձավ նաև Հայաստանի հոգևոր, մշակութային կենտրոնը։

Այդ ամենի հետ միասին Դվինը ևս մի կարևոր դեր կատարեց։ Բանն այն է, որ 4-5-րդ դարերում Հայաստանի քաղաքների մեծ մասը հետադիմել էր։ Իսկ Դվինը, ընդհակառակը, վարչական կեն­տրոն լինելու շնորհիվ շարունա­կում էր մնալ որպես ար հեստ­ների և առևտրի խոշոր կենտրոն։ Արհեստագործության շատ ճյու­ղեր, որոնք այլ քաղաքներում գրեթե վերացել էին, Դվինում պահպանվեցին: Այսպիսով, Դվինը դարձավ արհեստագործու­թյան ավանդույթների պահպանողն ու փոխանցողը։ Դվինի ավերակներն այժմ փռված են Արտաշատի Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ և այլ գյուղերի տարածքներում։

Բագարան, Շիրակավան, Կարս — Բագրատունյաց թագավորու­թյան օրոք Հայաստանը չորս մայրաքաղաք է ունեցել՝ Բագա­րան, Շիրակավան կամ Երազ- գավորս, Կարս և Անի։

885 թ. Բագրատունյաց Հա­յաստանի մայրաքաղաք դարձավ Բագարանը։ Այստեղ էր գտնվում Բագրատունիների տոհմական դամբարանը։

Բագրատունյաց հաջորդ գահակալը՝ Աշոտ Երկաթը, իր թագավորության վերջում իր եղբորը՝ Աբասին, նշանակեց Կարս քաղաքի կառավարիչ։ Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձած Աբասը չտեղափոխվեց Շիրակավան։ Բագրատունյաց Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Կարսը։ Կարսում Աբաս արքան մեծ շինարարություն սկսեց։ Կառուցապատվեց քաղաքի միջնաբերդը, որտեղ թագավորական պալատն էր և այլ շինություններ։ Կարսագետի ափին կառուցվեց Ս. Առաքելոց Մայր եկեղեցին։ Դրանից հազար տարի հետո Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում հայրենի քաղաքի մասին կգրի. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի»։

Անի — Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերա­հռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։

Անին Բագրատունյաց Հայաստանի չորրորդ և վերջին մայրաքաղաքն էր։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անին այնպիսի թափով է զարգանում և ընդարձակվում, որ Սմբատ II արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ։ «Սմբատյան»
կոչված այդ պարիսպների շուրջ երկուսուկես կիլոմետր և մինչև 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված, որը լցվում էր ջրով։

Պաշտպանական նպատակներից բացի այն օգտագործվում էր նաև ոռոգման համար։ Պա­րիսպներն ունեին քանդակներ և արձանագրու­թյուններ։ Անիի գլխավոր դարպասի՝ Ավագ դռան վրա քաղաքի զինանշանն էր՝ վազող հովազի բարձրաքանդակը։ Պաշտպանական կարևոր նշանակություն ունեին նաև Անիի կամուրջները։ Դրանցից մեկը ափերի հետ կապվում էր փայտե շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում տախտակամածը բարձրաց­վում էր։ Կար նաև քարանձավային և ստոր­գետնյա Անի’ իր սրահներով ու խորշերով, որոնք հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։

Անիի գլխավոր փողոցը 4-5 մետր լայնություն ուներ։ Այս փողոցով էր անցնում ջրմուղի հիմնական գիծը։ Ջրմուղը ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ ուներ։

Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Քաղաքի մասին խոսելիս, հաճախ ասվում էր’ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։

Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաս­տանի և այլ երկրների հետ։ Հետագա դարերում Անին բազմիցս հարձակումների է ենթարկվել, ավերվել է և կրկին վերակառուցվել։ Պատերազմները, երկրաշարժերն ու այլ աղետները կամաց- կամաց քայքայեցին քաղաքը։ 16-րդ դարում այն սովորական մի գյուղ էր, իսկ երկու դար հետո այնտեղ այլևս բնակիչներ չկային։

Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքի մասին գրվել են տասնյակ գրքեր, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ և գեղարվեստական այլ գործեր։

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....