Հարթագյուղ. հաշվետվություն

IMG_6401 glxavor

Մայիսի 26-28-ին հայրենագիտական ակումբի Նոր դպրոցի 18 և միջին դպրոցի 5 սովորող սաները արշավեցին դեպի Լոռու մարզ, Սպիտակի տարածաշրջան, Հարթագյուղ:
Առաջին կանգառը Ապարանում էր: Երկրորդը` Սպիտակի նորակառույց եկեղեցում, որտեղ աղոթեցինք, երգեցինք, տեր հոր կողմից օրհնվեցինք և շարժվեցինք դեպի Սպիտակ քաղաքի զբոսայգին:

Զբոսայգին տպավորիչ էր իր տարատեսակ եղևնիների պուրակներով, իսկ շատ սովորողների համար` նաև խոշոր ու բամբաձայն կրկռացող գորտերով։
Հաջորդ կանգառը Հարթագյուղի դպրոցն էր: Այստեղ մեզ պատրաստ սպասում էին։ Դպրոցի տնօրենը` ուսուցիչների և սովորողների մեծ խմբով դիմավորեց մեզ։ Ներկայացանք, նվիրեցինք մեր տարած գրքերը, Միջին դպրոցը ներկայացրեց հանրակրթական Էկոտուրը, ամառային ճամբարը, կրթահամալիրը…
Սովորողները ծանոթացան իրենց հյուրընկալողների հետ, բաժանվեցինք տներով ու հանդիպեցինք ժամը 18.00-ին` առաջին բարձունքը` սբ. Ճգնավորի բլուրը հաղթահարելու նպատակով: Այցելեցինք նաև գյուղի սբ. Նարեկ խոնարհված եկեղեցին, որ կառուցվել է 1902-ին և 1937-ից չի գործում։
Մայիսի 27-ի առավոտյան հանդիպեցինք գյուղապետարանի մոտ` հաղթահարելու 2-րդ բարձունքը` Հաչասարը, որտեղից իջնելու էինք Բագեր, որտեղ նաև հատուկ մեզ համար հաց թխելու ծես էր պատրաստվում։ Ցավոք, Հաչասարի մատույցներում, մինչև գագաթը եղած հերթական բարձունքին եղանակը մռայլվեց: Որոշեցինք վերադառնալ, բայց մինչև իջնելը մասնակցեցինք մեզ համար կազմակերպված Բուլելիի կամ Հարսնագովքի ծեսին:
Ճաշեցինք, հետո կրկին` սբ. Ճգնավոր: Քանի որ կրտսեր արշավականներից շատերն արդեն հոգնել էին, որոշեցինք կամավորների խմբով 28-ի առավոտյան ժամը 7.00-ից հաղթահարել սբ. Հովհաննեսի բարձունքը: Բառերը մի կողմից ավելորդ են, մյուս կողմից` շատ քիչ` նկարագրելու մեր ապրումները…
Սբ. Հովհաննեսի մատուռում միասին Տերունական աղոթքն ասացինք, երգեցինք հոգևոր երգեր, տիկին Սուսանը կարդաց սաղմոսի մի հատված։ Հետո բարձունքին արտասանեցինք նաև մեր աղոթքը դարձած «Ես իմ անուշ Հայաստանին», երգեցինք կրթահամալիրի հիմնը… Վայրէջքից մի ժամ հետո արդեն գյուղի դպրոցում հրաժեշտի արարողություն էր։
Դպրոցի տնօրենի հետ էլ ձեռք բերեցինք, ինչպես գրել էին Նարեն և Դիանան, բանավոր պայմանավորվածություն կրթական փոխանակումների մասին: Ի դեպ, եթե կլինեն նախաձեռնող խմբեր, օգոստոսի 11-ին` Նավասարդին, մեզ հաճույքով կրկին կհյուրընկալեն. հրավերն արդեն ունենք։ Իսկ հարթագյուղցի սովորողներին հրավիրել ենք մասնակցելու մեր ճամբարին։

Categories: Հաշվետվություններ | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....