Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան

 

Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

Այդ նպատակով, 13-րդ դարի կեսերին վենետիկցի հայտնի վա­ճառական, ճանապարհորդ Մարկո Պոլոն ուղևորվեց դեպի Արևելք: Այդ ճանապարհորդությունը շատ երկար տևեց, սակայն առանց արտակարգ դժվա­րությունների նա հասավ Չինաստան: Այս­տեղ նա մնաց շուրջ 17 տարի: Այդ տարիների ընթացքում Մարկո Պոլոն կարողացավ լավ ծանոթանալ այդ Երկրի մեծ մասին և նրա հարևան մի քանի երկրներին (Մոնղոլիա, Հնդկաստան): Նա իր «Աշխարհի բազմա­զանության մասին» գրքում բազմաթիվ էջեր է նվիրել Չինաստանի հարստությունների, նրա ոսկով ու թանկարժեք քարերով զար­դարված պալատների, առևտրական խոշոր քաղաքների, բարեկարգ ճանապարհների ու կամուրջների, անգին մետաքսի, չին ժողովրդի զբաղմունքի և կենցաղի նկարագրություններին: Մարկո Պոլոյի գրքում արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ են հաղորդվում նաև հայկական Կիլիկիայի և Մեծ Հայքի վերաբերյալ:

Դեպի Չինաստան կատարած իր ուղևորությամբ Մարկո Պոլոն եվրոպացիների համար վերահայտնագործեց Արևմուտքն Արևելքի հետ կապող հնագույն, բայց վաղուց մոռացված քարավանային այն ճանա­պարհը, որն անցնում էր նաև Հայաստանի, Վրաստանի և Պարսկաս­տանի տարածքներով:

Պակաս նշանակություն չունեցավ նաև Մարկո Պոլոյի վերադարձը Չինաստանից: Նա վերադարձավ ծովային ճանապարհով մինչև Պարսից ծոց, որտեղից էլ ցամաքով հասավ Վենետիկ:

15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը:

Արաբ վաճառականները, այցելելով ժամանակի հայտնի աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, Չինաստան ու Ճապոնիա և Սկանդինավյան թերակղզուց մինչև Մադագասկար նույնպես նպաստեցին աշխարհի մասին նոր գիտելիքների ձեռքբեր­մանը: Արաբների շնորհիվ եվրոպացիներին հայտնի դարձան հնդիկների և չինացիների նվաճումները: Օրինակ՝ արաբների միջոցով են մեզ հասել արաբական թվանշանները, մինչդեռ իրականում դրանք ստեղծել են
հնդիկները: Հնդիկներին է պատկանում նաև շախմատի գյուտը: Իսկ թղթի, թղթադրամի, վառոդի, շաքարի, կողմնացույցի, մետաքսի, ճենապակու, երկրաշարժը գրանցող սարքի, գրատպության գյուտերի հեղինակը չինա­ցիներն են համարվում: Եվ պատահական չէ, որ հայերենում ամենայն գեղեցիկն ու յուրահատուկը անվանում են չնաշխարհիկ, այսինքն՝ «չին աշխարհից բերված»: Կողմ­նացույցի շնորհիվ աշխարհագրական շատ ու շատ մեծարժեք հայտնագործություններ իրականացվեցին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին Հնդկաստանը և Չինաստանը գրավել եվրո­պացիների ուշադրությունը:
  2. Քեզ ի՞նչ է հայտնի այդ երկրների մասին:
  3. Քարտեզի վրա նշիր վերը նշված ճանապարհորդների ճանապարհորդության ուղղությունները:
  4. 15-րդ դարում ի՞նչ նոր ճանապարհ հայտնագործվեց դեպի Հնդկաստան:
Categories: Ֆիլմեր, Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....