Հետազոտական աշխատանք

Թեմա — Ճամփորդությունների, ճամբարների կազմակերպումը

Ղեկավար — Սոնա Փափազյան

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Կատարող՝ Իվետա Ջանազյան

Դասավանդած առարկան՝ Բնագիտություն, հայրենագիտություն

Խորհրդատու՝ Սոնա Փափազյան

2022

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:
Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:

Գարեգին Նժդեհ

Ուսումնական տարաբնույթ ճամբարները (բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, գյուղական) և հայաստանյան տարբեր ուղղություններով արշավները գրավիչ միջավայր են սովորողի, ինչու չէ՝  ծնողի, ուսուցչի համար ՝սիրելու, պահպանելու  հայրենիքը ամեն մի փոքրիկ, գողտրիկ անկյուն, հայրենիքը նորովի բացահայտելու և լավագույն, մանրամասն ճանաչելու համար:

2003 թվականի սեպտեմբերի 27-ից, աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես դասավանդող: Դասավանդել եմ՝ հայրենագիտություն, բնագիտություն, պատմություն, ընտրությամբ հայրենագիտություն, խոհանոցային գործ:  Բոլոր առարկաների դասավանդման մեջ զգացել և զգում եմ՝ ինչպես «ձուկը ջրում»: Տարիներ շարունակ ղեկավարել եմ կրտսեր դպրոցներում հայրենագիտական ակումբներ:
Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային և հեղինակային մանկավարժությունը թույլ տվեց ինձ՝ որպես անհատի, իմ կարողությունները և հմտությունները դրսևորել, զարգացնել և փոխանցել սովորողներին:  Բազմամյա աշխատանքային փորձի արդյունքում և ընթացքում սովորողներին փորձել և փորձում եմ փոխանցել՝ լողալու, ջուր սիրելու կարողությունները և հմտությունները:
Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային և հեղինակային մանկավարժության ուսումնական բաղկացուցիչ մասն են կազմում արշավները, բազմօրյա ճամբարները: 2005 թվականից ամեն ամառ 10-օրյա և 5-օրյա ճամբարներ եմ կազմակերպեր Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքում, Վաղաշենում։

Հպարտությամբ և ցնծությամբ կարող եմ արձանագրել, որ գրեթե բոլոր սովորողները ճամբարի ընթացքում սովորել են լողալ, իսկ լողացողներն էլ ՝ ավելի են հմտացել:

Մասնագիտությամբ երկրաբան-երկրաֆիզիկ-սեյսմոլոգ եմ,  ուսանողական տարիներից ի վեր՝ լեռնագնացության ակումբի անդամ: Սեփական փորձն ու հմտությունները՝ արշավների, ճամբարների ընթացքում, փորձել եմ փոխանցել սովորողներին. գրագետ արշավելու և լեռնագնացության տարրեր՝ արշավային կանոններ, վրան տեղադրել-հավաքել, ուսապարկ, քնապարկ և այլ արշավային գույքի հետ վարվելաձև, անվտանգ վերելք և իջնունք:

Բաժին 1


Արշավելուճամբարելու, լեռնագնացության հմտությունների և կարողությունների փոխանցում սեփական փորձով

Ճամբարներ ու ուսումնական ճամփորդությունները ըստ կրթահամալիրի ուսումնական պլանով համարվում են ուսունմնական գործընթացի բաղկացուցիչ մաս և գրավիչ միջավայր են սովորողների համար:

Ուսումնական ճամփորդությունների բաղկացուցիչ մասն են կազմում՝

Ուսումնական թանգարանները

Պատկերասրահները

Արտադրական կենտրոնները

Գիտա-հետազոտական կենտրոնները

Քայլարշավներ քաղաքամայր Երևանում

Բարձունքի հաղթահարում նախագծերը

Մեկօրյա ուսումնա-հայրենագիտական արշավները քաղաքամայր Երևանից դուրս (հաշվի ենք առնում, որ մեկօրյա ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունը Երևան քաղաքից դուրս չպետք է գերազանցի 100 կմ-ը):

Ուսումնական ճամբարներն են`

Արատեսի դպրական կենտրոն

Բնապահպանական ճամբար /օր․՝ Վաղաշեն/

Գյուղական ճամբարներ /Զովաբեր, Ծաղկունք, Արտավան/

Եռօրյա ճամբարներ ՀՀ տարբեր մարզերում, տարածաշրջանում

Կրթահամալիրի ուսպլանով նախատեսված երկրորդ/հունվարյան ճամբար/, չորրորդ/հունիսյան ճամբար/ շրջանի ճամբարներ։

Ուրցաձորի բնապահպանական ճամբար

Նպատակ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչն են: Ամիսը մեկ անգամ դասարանը պարտադիր ճամփորդում է (իրականացրած նախագծի ավարտին, մեկօրյա հայրենագիտական ուսումնական ճանաչողական ճամփորդություն և այլն):

Սովորողի ուսումնական միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Ուսումնական ճամփորդությունը չի սահմանափակվում միայն տվյալ տարածք այցելությամբ ու ուսումնասիրությամբ: Այն պիտի դառնա դասարան-լաբորատորիայում իրականացվող նախագիծ-թեմայի բաղկացուցիչ:

Խնդիրները՝

Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար

Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ (անհրաժեշտ իրեր, ուսապարկի դասավորում)

Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ և հմտություններ

Քայլելու, բարձունք-իջնունք հաղթահարելու կարողություններ և հմտություններ

Գրագետ արշավելու կարողություններ և հմտություններ (օր․՝ խոտածածկ տարածքով մի գծով քայլել, ոտքերի դիրքը իջնելուց-բարձրանալուց)

Կարողանալ քարտեզագրել անցնելիք ուղին, ներկայացնել համապատասխան ուղղության հայրենագիտական կանգառները

Կլիմայական պայմանների որոշում յուրաքանչյուր մարզում, ըստ դրա բխող անհրաժեշտ պատրաստվածություն (հագուստ, գույք)

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Ուսումնական ճամփորդությունները  (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով), և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնց կազմակերպումը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

մասնակիցները նախօրոք ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իրենց հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա. եթե եղել են այդ վայրում խմբով կամ անհատապես, այլ նախագծով, վերանայում են իրենց հաշվետվությունները-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերի աշխատանքին՝ իրար շարունակելու-լրացնելու համար.

հայրենագիտական ճամփորդության բովանդակությունը ներառում է.
Հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք. նախագծի գործընկերների ներգրավում. կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.

հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին և այլն.

ընթերցողի աշխատանք. տեղի ծնունդ անվանի գրող-բանաստեղծի գործեր, տեղի ԶԼՄ-ի ուսումնասիրություն. ներկայացվող «Կարդում ենք» նախագիծ
 աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.

բնապահպանական. խնդիրներ, պատմություն, կոնկրետ նախագիծ.
մշակութային (համերգի, պլեների կազմակերպում, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն).

տնտեսագիտական աշխատանք. նախագծի նախահաշիվ՝  ծախսերի և մուտքերի ուղղություններ, այդ առումով այլ նախագծերի հետ համեմատում, նախագծի էժանացման աշխատանք, տրանսպորտային տեղափոխության կազմակերպում.
 տեխնոլոգիական աշխատանք. սննդի կազմակերպում, ճամբարային տարածքի բարելավում-ձևավորում.

հեղինակային կրթական ծրագրի ներկայացում. 

ուսումնական այլ  աշխատանք.

Աշխատանքի բոլոր ուղղությունները ներկայացվում-լուսաբանվում են.

նախագծի արդյունք ուսումնական նյութերը ներառվում են մեդիագրադրանում։

Որպես ուսումնական նախագիծ՝ ուսումնական ճամփորդությունը պիտի իր էջը ունենա մասնակիցների բլոգներում, ենթակայքում։ mskh.am կայքում, մեդիագրադարանում լրացվում են ճամփորդությունների քարտեզն ու պատմությունը։

Կրթահամալիրի դասարանի, դպրոցի, ակումբի, տարատարիք խմբի ուսումնական ճամփորդությունը, կրթահամալիրային ուսումնական նախագծով իրականացվող ճամփորդությունները, ստուգատեսային ճամբարները, արտագնա ստեղծագործական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով, դպրոցի, ստուգատեսի ղեկավարի հայտով։  

Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգ, մշակութային-ճանաչողական այլ կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:

Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված շաբաթօրյա ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:

Երևանից դուրս ճամփորդության մասին հայտը ներկայացվում է առնվազն երեք օր առաջ՝ նշելով հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր, հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը (նշելով՝ ով է նախկինում եղել այդ վարում), ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը, այդ վայրից նախագծին միացողներին: Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը։ Երևանյան ճամփորդության մասին հայտը կարող է ներկայացվել երկու օր առաջ։

Սովորողի մասնակցությունը ճամփորդությանը ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցվում է էլեկտրոնային մատյանում։ Ճամփորդության ընթացքում և հետո մասնակիցները հրապարակում են տպավորությունները՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և ուսումնական նյութերը, յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է իր հաշվետվությունը։ Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։  Ղեկավարի հաշվետվությունն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին` գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ), ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները, ղեկավարի դիտարկումները։ Առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին։ Հաշվետվության արդյունքում դպրոցի ղեկավարը ճամփորդության ղեկավարին և օգնականին լրավճար տրամադրելու առաջարկ է անում կրթահամալիրի տնօրենին ըստ կրթահամալիրում աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշների:

Ճամփորդության ժամանակ սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը, արկղիկում` յոդ, ջրածնի պերօքսիդ, վիրակապ, շինաներ, անոթալայնիչ, ցավազրկող դեղեր, յուրաքանչյուր մասնակցի մոտ՝ անհրաժեշտ ճամփորդական անհատական պարագաներ, մարզակոշիկ, մարզահագուստ։ Դաշտային-արշավախմբային նախագծերի իրականացման ժամանակ խումբն օգտվոմ է կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային բազայից, մասնակիցն ունենում է անհատական քնապարկ, ուսապարկ, լապտեր, գլխարկ, մարզագույք։ 

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ

Ստեղծագործական-հետազոտական ճամբարի (այսուհետ` ճամբար) գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները: Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է: Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները:

Ճամբարի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենի նշանակած մանկավարժական այլ աշխատող: Ճամբարի նախապատրաստական աշխատանքը ղեկավարն սկսում է առնվազն15 օր առաջ (ջոկատների որոշում, ջոկատի ղեկավարների հետ` աշխատակարգի, իրականացվող նախագծերի որոշում)։ Ճամբարի ղեկավարը ճամբարի գործունեությունն սկսելուց առնվազն 1 շաբաթ առաջ կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում կատարելիք աշխատանքների ցանկը, դրանց կատարման համար անհրաժեշտ գործիքների ցուցակը, այն սովորողների ցուցակը, ովքեր կարող են հյուրընկալել մարզերից եկած սովորողների:

Ճամբարի մասնակիցները բաժանվում են աշխատանքային ջոկատների: Ջոկատը կրթահամալիրի տնօրենի հրամանով կարող է ճամբարը կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Ամեն օր պարտադիր են ճամբարի ընդհանուր հավաքները` ընդհանուր պապապմունք-տողաններ, մարզական, երաժշտական և այլ: Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:

Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով (տնօրենը կարող է հատկացնել նաև այլ գումարներ):

Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:

Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն, որում ընդգրկվում են հետևյալ հարցերի պատասխանները.

մասնակիցների քանակը` ըստ ջոկատների և ըստ օրերի (ցուցակները կցվում են),

ըստ օրերի ֆինանսական ծախսերը` նշելով կրթահամալիրի ներդրումն առանձին, ծնողներինն առանձին, այլ ներդրումներն առանձին,

ուսումնական ճամփորդությունների նախապատրաստումը, դրանց հաշվետվությունները (ճամփորդության մեկնողների ցուցակը կցվում է),

նախատեսված և կատարված հանրօգուտ աշխատանքների ցանկը (որտե՞ղ, ի՞նչ աշխատանքներ),

նախատեսված և կատարված հետազոտական աշխատանքների ցանկը,

բազմօրյա արշավների նախագծերը:

Ճամբարում կատարված ստեղծագործական-հետազոտական ավարտուն աշխատանքները և մշակված նախագծերը ներկայացվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներում:

Նախապատրաստական աշխատանք.

Հրապարակվում է սովորողի բլոգում

Քարտեզի միջոցով երթուղու կազմում (օգտագործում ենք տարբեր ծրագրեր հավելվածներ, google map, ViewRanger)

Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն

Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում

mes.am կայքով եղանակային պայմանների մասին տեղեկացում

Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր, որոնք հրապարակվում են ՝բլոգներում, ենթակայքում

Ուսապարկի դասավորում

Անհրաժեշտ իրեր ճամփորդ ճամբարականի համար՝

1.Առաջին օրվա սնունդ (օրապահիկ,  նախաճաշի բրդուճներ, միրգ)

2.Ջուր՝ անհատական շշով
3. Հարմար, թեթև ուսապարկ
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ կամ պլաստամսե, մետաղյա անհատական սպասք)
5. Աղբի տոպրակներ(3-5 հատ), ձեռնոց
6. Պահեստային հագուստ, արևապաշտպան գլխարկ, վզակապ
7. Քնապարկ
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ

11.Բժշկական արկղիկ

Ճամփորդական կարողություններ, հմտություններ

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ՝
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ (ընտանիքով):
• Ճամփորդության համար կանոններ մշակել:
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել:
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել բլոգում, նկարել:
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել:

Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Նախապատրաստական աշխատանք

Նախապատրաստական փուլ

  • Համացանցից գտնել վայրի մասին տեղեկություններ, ուսումնասիրել, պարզել եղանակային պատկերը, տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել, տեղեկություններ ստանալ վայրի մասին (կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր, համառոտ ներկայացնել),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • վերհիշել առաջին օգնության տարրական կանոնները

Արշավականճամբարականը

չի ուշանում
չի տրտնջում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
բնության մեջ ոչինչ չի թողնում, և չի վերցնում
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր, այլ վնասակար սնունդ

հանդուրժող է

Բաժին 2

Ճամփորդություններն արտակարգ պայմաններում

2020 թվականի  մարտի 14-ից հանրապետության բոլոր կրթօջախներն անցան հեռավար ուսուցման, մեր սեբաստացի համայնքն ունենալով անցյալի՝ 2O16թ․ հունվարի, և նախորդ շաբաթվա՝ մարտի 2-6-ի հեռավար ուսուցման փորձը՝ արագ անցանք հեռավար աշխատանքի: Սկզբում անհանգստություն ունեինք հեռավար կամ առցանց ուսուցման ձևի-կազմակերպման համար, ինչպես անել, որ առցանց ուսուցման ընթացքում էլ գործնական-կենդանի հայրենագիտությունը, ճամփորդությունները, չտուժեն:

Թվում էր՝  ֆիզիկական միջավայրին փոխարինման եկած հեռավար հարթակները, առցանց առաջադրանքներն օտարություն, սառնություն կմտցնեն սովորող-ուսուցիչ ընկերությունում, բայց, մարդկային ուղեղի հնարամտությունն ու դժվար իրավիճակներում առավելագույն ելքեր գտնելու կարողությունը իր արդյունքները տվեցին և իրավիճակը ավելի խոսուն դարձավ ու տպավորիչ։

Անկախ մեր կամքից, գարնանային արշավելու եղանակին, ելնելով հանրապետությունում տիրող արտակարգ իրավիճակից, մեկուսացել էինք տանը: Փորձեցինք այդ իրավիճակում էլ փնտրել լավն ու լավագույնը, լինել լավատես և  այնպիսի նախագիծ կազմեցինք, որ տվյալ պահին համահունչ էր: Առաջարկեցինք միասին, ընտանիքի անդամների, ընկերների հետ վիրտուալ ճանապարհորդել և ուսումնասիրել Հայաստանը, Արցախը, ինչու չէ նաև «աշխարհը»՝ այցելելով վիրտուալ թանգարաններ:

Համոզված էի, որ յուրաքանչյուրս ունենք մեր նախընտրելի երկրները, աշխարհագրական տարածքները, որտեղ որ երազում կամ ցանկանում էինք լինել, հարմար պահ էր, թեկուզ վերտուալ այցելել: Ահա այս ժամանակ զարկ տվեցինք մի հետաքրքիր հայրենագիտական Վիրտուալ ճամփորդություններ նախագծին։ Սովորողներն իրենց ընտանեկան դպրոցներում սկսեցինք աշխարհի մասշտաբով բացահայտել մեկը մյուսից հետաքրքիր աշխարհագրական, մշակութային վայրեր, թանգարաններ։ Հետագայում էլ, մինչ այսօր կայքեր կան, որ ուսումնական գործընթացի ժամանակ օգտագործում ենք։

Այս ժամանակ էր, որ սահմանափակումներից ելնելով արշավախմբերին, ճամբարներին փոխարինեցին ընտանեկան դպրոցներով արշավելը: Մեկը մյուսից հետաքրքիր ու տպավորիչ, զվարճալի ճամփորդություններ իրականացրեցին-ներկայացրեցին ընտանեկան դպրոցները։

Բաժին 3

Քվեստը՝ ճամբարի բաղկացուցիչ

Կրթահամալիրի ուսումնական պլանով շուրջտարի գործում են տարբեր ճամբարներ՝ հայրենագիտական, բնապահպանական, ռազմահայրենասիրական, գյուղական:
Քվեստը, որպես ճամբարային բաղադրիչ, հարմար է՝ թե՛ բնապահպանական, թե՛ վրանային, թե ՛ռազմա-հայրենասիրական ճամբարներ կազմակերպելիս։

Ի՞նչ է քվեսթը։
Quest — ը հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մարդուն լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորություն՝ զարգացնելու տրամաբանությունը և ցույց տալու մտավոր կարողությունները:
Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեստ առաջադրանքները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների ու դասընկերների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց:

Քվեսթը հայրենագիտական գործիք կամ սեբաստացիների արկածները Գարգառում 

Գարգառ եռօրյա ճամբարի ժամանակ մեր արշավախումբն էլ փորձեց հայրենաճանաչողական քվեսթ իրականացնել Նիգմա քվեստ ընկերության հետ: Ավելացնեմ, որ քվեսթը հիմնականում սենյակային խաղ է։ Կազմակերպիչ Մանեի հետ որոշեցինք տարբերվող, սենյակից դուրս, ավելի ազատ միջավայրում (խաղի տարածքը դարձավ ամբողջ Գարգառ գյուղը) հետաքրքիր հայրենագիտական քվեսթ կազմակերպել։ Նախապես կազմակեպիչներից՝ Մանեի հետ, պայմանավորվել, քննարկել էինք առաջադրանքների փաթեթը: Քանի որ քվեսթը իրենից ներկայացնում է սենյակային խաղ, կազմակերպիչներն էլ էին փորձում սենյակային պայմաններում ճամբարականների համար ինչ-որ հետաքրիր փաթեթ ստեղծել։ Ես փորձեցի այլ տարբերակ առաջարկել, քվեսթի տիրույթը դառնար ամբողջ Գարգառ գյուղը։ Ճիշտ է կազմակերպիչները մի քիչ տարակուսեցին, մտածեցին չի ստացվի: Փորձեցինք, իրենք էլ արդյունքներից անակնկալի եկան։ Միասին աշխատեցինք  հայրենագիտական-քվեսթ առաջադրաքների փաթեթի ստեղծման վրա։
 Ինչպե՞ս քվեսթը դարձնել հայրենաճանաչողական, գյուղի բնակիչների հետ հնարավորինս շփման, բացահայտման գործիք:
Ուսուցիչներիս համար էլ հետաքրքիր էր, թե ինչպե՞ս կհաղթահարեն մեր սովորողներն իրենց առջև դրված փորձությունները: Ասեմ, որ այդ ընկերությունը պատահական չէր ընտրել մեր արշավախմբին, քանի որ ծանոթ էին սեբաստացի սովորողների մեդիահմտություններին (այստեղ դա շատ կարևոր էր քվեսթի արդյունքները ներկայացնելու առումով), արշավելու կարողություններին, ազատ և ստեղծական մտածելակերպին, տարածքում կողմորոշվելուն, մարդկանց հետ անկաշկանդ շփվելուն և այլ հմտություններին:

Ամեն դեպքում անհանգիստ էինք, որ սովորողներն ինքնուրույն պետք է քայլեին գյուղում, կատարեին բազմաբնույթ առաջադրանքներ՝ առանց մեր օգնության, միջամտության։ Առավոտյան պայմանավորված ժամին` 11.00-ին, սկսեցինք:

Գարգառ քվեսթի առաջադրանքի օրինակ՝

Որոշեք ձեր թիմի անունը և հենց սկզբում գրեք այս հեռախոսահամարին/նշում ենք քվեստի համակարգողի հեռախոսահամարը։ և ցանկացած դեպքում զանգահարել այս համարին։

Հանձնարարությունների ցանկ

  1. Պարզեք, թե ինչու է այս բնակավայրը կոչվում Գարգառ
  2. Գտեք ամենատարեց մարդուն, ով կպատմի գյուղի մասին հետաքրքիր պատմություններ
  3. Ինչով է Գարգառը առանձնանում Հայաստանի մյուս համայնքներից
  4. Ինչ ուտեստ է պատրաստվում Գարգառում, որը հատուկ է միայն այս տարածքին
  5. Գտեք գյուղի ամենահայտնի վայրը /գյուղի խորհրդանիշը/ և թիմով կրեատիվ լուսանկարներ արեք
  6. Օգնեք որևէ գյուղացու իր այգու աշխատանքում և ստացեք որևէ մթերք որպես փոխհատուցում
  7. Փոխարինեք տվյալ գրիչը ավելի թանկ առարկայի հետ քանի անգամ կարողանաք

Քվեսթի ամմբողջ ընթացքը պետք է լուսանկարել կամ տեսաձայնագրել։ Վերջում պատրաստել տեսանյութ բոլոր արկածների մասին։ Լավահույն կրեատիվ տեսանյութն էլ կհաղթի։

Գարգառ քվեսթը բաղկացած էր մի քանի փուլից՝

ա․ ծանոթացում, խմբերի բաժանում․

բ․ թիմի անվան որոշում համապատասխան գույնով, սպիտակ կավե արջի փնտրում-գտնում, որի մեջ պահված էր առաջադրանքը.

գ․ ահա այս արկածային փուլում էլ սովորողները պետք է առանց ուսուցիչների օգնության հաղթահարեին իրենց առաջադրանքների փաթեթը՝ ամբողջ գյուղը քայլելով, պրպտելով, բացահայտելով:

դ․ տեսանյութի մոնտաժում-ներկայացում, արդյունքների քննարկում:

Արդյունք, եզրակացություն, դիտարկում

Սովորաբար յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ (թե՛ մեկօրյա, թե՛ բազմօրյա) համացանցից, այլ աղբյուրներից տեղեկանում ենք այցելության վայրի մասին։ Այս անգամ քվեսթի օգնությամբ այդ ամենը բացահայտեցինք անմիջապես սկզբնաղբյուրից, այ դեպքում՝ գարգառցիներից։ Հետաքրքիրն այն էր, որ երբ սովորողներն անձամբ շփվեցին գարգառցիներից հետ, Գարգառը դարձավ իսկապես  իրենցը (ուտեստ, անվան ծագումնաբանություն, գարգառցիների հիշարժան վայրեր և այլն):

Օգնեք երեք գյուղացու իր այգու աշխատանքում և ստացեք որևէ մթերք՝ որպես փոխհատուցում․ այս առաջադրանքի ժամանակ թիմերը պատրաստակամ, հավեսով կատարել էին տարբեր գյուղական աշխատանքներ (բակային, մանրացված փայտի տեղափոխում, ընտանի կենդանիների կերակրում և այլն):

Գտնել գյուղի տարեց մարդուն, ով կպատմի հետաքրքիր տեղեկություններ Գարգառի մասին․ ճամբարականները ջանք չէին խնայել գտնել տարեց մարդկանց և տարբերվող ու հետաքրքիր տեղեկություններ հավաքել։

Թիմային աշխատանք․ թիմերը սկզբից մինչև վերջ պետք է միասին հաղթահարեին բոլոր փորձությունները, արդյունքում դարձան ավելի հանդուրժող, օգնող, ընկերասեր։

Գարգառը դարձավ իրենց հայրենի մի անկյունը։

Քվեսթի գյուղական առաջադրանքների կատարմանը նախատեսված էր 1-1,5 ժամ։ Սովորողներն այնքան էին տարվել բոլոր առաջադրանքների կատարմամբ, որ այն տևեց 3 ժամ:

Բաժին 4

Արշավելու ոսկե կանոններ

Կրթահամալիրի որդեգրած հեղինակային մանկավարժությունում բաղկացուցիչ մասն են կազմում արշավները, սա կրթական ծրագրի զարդերից մեկն է, հետևաբար, փորձենք մի քանի կանոններ առանձնացնել։ Ինչքան էլ հետաքրքիր ու գրավիչ լինի ճամփորդելը, ճամբարելը, այն պետք է լինի համակագրված և հնարավորինս պետք է հաշվարկված, հստակեցված լինեն  անվտանգության կանոնները։ Ինչ խոսք, լեռներն ու բնությունը բոլորիս տալիս են անգնահատելի զգացողություններ և էներգիա, սակայն հատկապես լեռնային արշավների ժամանակ, չպետք է ոչ մի պահ չկորցնել զգոնությունն ու տրվել պահի վայելքին։ Շատ կարևոր է իմանալ անվտանգության և վարվեցողության կանոնները, որպեսզի կարողանաք ստանալ առավելագույն լավ տպավորություններ՝ չնվասել և չվնասվել:
Մենք առանձնացրել ենք պահելաձի  ոսկե կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է մասնակցել արշավի:

Արշավի մասնակցելուց պետք է հասկանալ, որ խմբի ղեկավարը պատասխանատու է մասնակիցներից յուրաքանչյուրի կյանքի համար։ Արշավախմբի ղեկավարը ունենալով բավականին մեծ փորձ, հստակ գիտի՝ ինչպե՞ս վարվել յուրաքանչյուր իրավիճակում։ Եթե որոշել եք արշավի մասնակցել տվյալ արշավախմբի հետ, ապա պետք է վստահեք և խստորեն հետևեք ղեկավարի ամեն մի ցուցումին:

Արշավի առաջնահերթ պայմաններից է շարքով քայլելը։ Չի կարելի առաջ անցնել խմբի ղեկավարից, կամ հետ ընկնել վերջում քայլող ուղեկցորդից։ Ամեն ինչ արվում է Ձեր իսկ անվտանգության համար:

Մի փոքր միաշարասյուն քայլելու մասին…

Շատերդ եք ինձ հետ մասնակցել արշավների, շատ եք լսել <<մի շարքով քայլեք>> արտահայտությանը։
Շարքով քայլելը դա առաջին հերթին կարգապահության նշան է ինչը արդեն շատ կարևոր է արշավը անփորձանք դարձնելու համար

Երկրորդ հերթին ոչ պակաս կարևոր փաստն է ինչը միջավայրում գտնվող ֆաունա ֆլորայի պահպանությունն է։
ՀՀ ում առկա են բազմաթիվ բուսատեսակներ և բզեզներ որոնք գրված են կարմիր գրքում, այդ իսկ պատճառով պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել քայլելու ընթացքում, երբ քայլում ենք միաշարասյուն այդ դեպքում հասցնում ենք մինիմալ վնաս մեր ճանապարհին պատահող բուսատեսակներին և ոչ միայն։

Իհարկե չենք անտեսում ուղեկցողի գործի հեշտացումը😃
Բազմիցս ասել եմ ուղեկցողի համար առանց այդ էլ բարդ գործը պետք չի ավելի բարդացնել, ընդհակառակը պետք է օգնել նրան, երբ շարքը միաշարասյուն է հեշտ է հասկացվում, թե որտեղ է գտնվում հետնապահ ուղեկցողը, հեշտ է հասկացվում խմբի տեմպը, հեշտ են երևում լավ կամ վատ քայլող մարդիկ և այլն։

Խմբի հետ արշավի մասնակցելուց միշտ պետք է հիշել, որ խումբը մի օրգանիկ համակարգ է և բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար, յուրաքանչյուր ոչ մտածված քայլը՝ կարող է վնասել խմբի մյուս անդամներին։ Միշտ պետք է լինել հանդուրժողական և պատրաստակամ օգնել դիմացինիդ։ Եթե քայլում ենք, ապա քայլում ենք բոլորս, իսկ եթե մեկին պետք է հանգստանալ, ապա դադար ենք առնում բոլորով:

Արշավի ընթացքում կարող են հանդիպել  տարբեր հատապտուղեներ, սնկեր։ Զերծ մնացեք դրանք օգտագործելուց, քանի որ կարող են թունավոր լինել։ 

Մի թողեք աղբ Ձեր հետևից և մի վնասեք բնությունը և մշակութային հուշարձանները: Հավաքված աղբը վերցրեք Ձեզ հետ:

Բաժին 5

Սովորողի կարողությունների, հմտությունների աճն ու զարգացումը ուսումնական ճամփորդությունների և ճամբարների ժամանակ

<Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրում սովորոեղները ուսումնական ճամփորդություններին, ճամբարներին մասնակցում ենք դեռ նախակրթարանից։ Իհարկե, հաշվի ենք առնում տարիքային յուրաքանչյուր խմբի կարողություններն ու հմտությունները և առաջարկում համապատասխան ուղղություն, բարձունք, քայլարշավ։

Ուսումնական տարվա վերջում կարելի է արձանագրել սովորողների ճամփորդելու կարողությունների, հմտությունների անձնական աճ։ Սկսած քայլելու, բարձունք հաղթահարելու, ճամփորդական հստակ կանոններին հետևելու /պահվածք տրանսպորտի մեջ, ընկերներին օգնելու և այլն/։

Յուրաքանչյուր ուսումնական ճամփորդությունից հետո սովորողների մոտ ձևավորվում է ընկերներին, ինչու չէ նաև ուսուցչին օգնելու, ավելի երկար քայլելու, բարձրանալու ընկերանալու, կամային հատկությունների ձևավորելու հետաքրքիր դրսևորումներ։

Փոխվում են սովորողների բնավորության գծերը, դառնում են ավելի հանդուրժող, համբերատար և այլն։

Քիչ թե շատ արշավող ուսուցիչ փորձեմ մի քանի դիտարկում անել՝

  • Ճիշտ է կան տարիքային առանձնահատկություններ ուսումնական ճամփորդությունների կազմակերպելիս, բայց անձնական փորձը ցույց է տվել, որ 4-5-րդ դասարանի սովորողներն ավելի լավ են քայլում, բարձունք հաղթահարում քան համեմատաբար ավագ ընկերները։
  • Տարվա վերջում /հատուկ գրանցամատյաններում գրանցվում է յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ուսումնական ճամբարին կամ ճամփորդությանը/, կարելի է հստակ ասել, որ չկա մի սովորող որ որևէ ուսումնական ճամփորդությունների չի մասնակցել, ավելի շատ կարելի է բնութագրել ակտիվ և պասիվ սովորողներ
  • Եռօրյա ճամբարներին սովորողների մասնակցությունը պարտադիր է երրորդ դասարանից սկսած/տարին գոնե մեկ անգամ սովորողը պետք է մասնակցի գոնե մեկ եռօրյա ճամփորդության՝ բնապահպանական, ուսումնական-հայրենագիտական, գյուղական և այլն։ Այստեղ մի փոքր կազմակերպումն ու գործունեությունը այլ է, քանի որ գործ ունենք սովորողի ընտանեկան դպրոցի՝ ծնողների, տատիկ-պապիկի հետ։ Շատ անգամ (հիմնականում) սովորողը ցանկություն է հայտնում մասնակցելու, բայց ծնողները չեն թողնում։ Սովորողներ կան, որ կարողանում են ծնողների հետ լեզու գտնել, պայքարում են /լավ իմաստով, համոզում/ մասնկացում։ Այստեղ, կարծում եմ, մի քիչ աշխատանք ունենք ծնողական համայնքի հետ։ Նշեմ, որ խնդիրը ուսուցչի հանդեպ անվդսահություն չէ, այլ իրենք չենք կարողանում հաղթահարել իրենց անհանգստությունը։
  • 5-րդ դասարանի ավարտին, հստակ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր սովորող արդեն ունի իր անհատական ճամփորդական գույքը՝ ուսապարկ, անձնական ճամփորդական սպասք, քնապարկ և այլն։ Չնայած շատ են սովորողները, որ հենց առաջին ճամփորդության ժամանակ արդեն ձեռք բերած են լինում ճամփորդական գույքը։
  • Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններին մասնակցելիս սովորողը ճամփորդական մշակույթը տանում է իր ընտանեկան դպրոց։ Սկսում է ընտանեկան դպրոցում կազմակերպել հայրենաճանաչողական-ընտանեկան արշավներ։ Մի օրինակ, Արևելյան դպրոցի սովորղ Մանե Սարգսյանը մեր Գյումրի ճամբարների, ճամփորդությունների ժամանակ այնքան էր սիրել Գյումրին, որ հայրիկի հետ մայրիկի ծննդյան տարեդարձին անկանկալ արշավել էին Գյումրի։ Մանեն ինքն էր ցույց տվել, պատմել Գյումրու մասին։

Վերջաբան կամ վերջաբանի փոխարեն

Հետազոտական աշխատանքում ներկայացրել եմ պարտադիր  բազմաբնույթ ուսումնական մեկօրյա ճամփորդությունները և ճամբարները։

Իմ ուսումնական բլոգում առանձին բաժին են կազմում արշավային ուղեցույցերը: Ուղեցույցներում նշված է արշավային ուղղություններ, որ եղանակին  կարելի է արշավել, հեռավորություն, հայրենագիտական կանգառներ, ուղություններ և այլն։ Կարծում եմ օգտակար կլինի։

Ներկայացրել եմ հայրենագիտական քվեսթի մեր տարբերակը, որը շատ լավ կարող է գործել ցանկացած բնույթի ճամբարի կամ ուսումնական ճամփորդության ժամանակ։

Դպիր ամսագրում փորձեցի հնարավորինս ծանոթանալ գործընկերներիս ճամփորդության վերաբերյալ մեթոդական մշակումներին և հոդվածներին։ Առանձնացնեմ մի քանիսը՝

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն -Անահիտ Հարությունյան։ Անահիտը իր չորրորդ դասարանցիների հետ հետաքրքիր ճամփորդական նախագիծ է ներկայացրել աշունը բացահայտելու համար։

Երեխաները ապրում, մեծանում և զարգանում են այն աշխարհում, միջավայրում, որը կա և որը ստեղծել ենք մեծահասակներս: Մեր՝ մեծահասակներիս խնդիրն է ապահովել անվտանգ, զարգացնող, դինամիկ, ստեղծական, ինքնակրթման, ինքնադրսևորման հնարավորություններ տվող կրթական միջավայր (մեդիամիջավայր):

Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան 

Մարթա Ասատրյանն իր հոդվածում ներկայացնում է «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի պարտադիր ուսուցումը դպրոցական ծրագրում կրթահամալիրի հեղինակային այլընտրանքը։

Այս նյութով կփորձեմ ներկայացնել ուսումնական պլանի մի բաղադրիչի՝ ճամփորդությամբ ուսուցման համադրումը այլ բաղադրիչների հետ։ Այստեղ, կարծում եմ, չկա շահերի բախում. կա ուսուցում, հանդուրժողականություն, հայրենագիտություն ու մշակույթ:

Ճամփորդություն նախագծել, կազմակերպելն այդքան էլ պարզ բան չէ. գործ ունենք սովորողների տարբեր խմբերի հետ, ովքեր միմյանցից տարբերվում են իրենց հետաքրքրություններով, տարիքով, հայացքներով, ցանկություններով: Պետք է բովանդակությունն այնպես ձևակերպել, որ ընթացքն ու արդյունքը հասցնեն նպատակին:

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լուսինե Գասպարյան 

Լուսինե Գասպարյանի հոդվածում ներկայացվում եմ համագործակցային ճամփորդական նախագծերը, ճամփորդական նախագիծ կազմելու փուլերը։

Համագործակցային նախագծի դեպքում նախագիծն ուղարկում եմ գործընկեր դասվարին, նա էլ է սկսում իր դասարանի հետ պատրաստվել ճամփորդությանը։ Մեր վերջին ճամփորդության ընթացքը հստակ ցույց տվեց, որ նրանք էլ շատ լավ էին պատրաստվել: Նշելու էինք Համբարձման տոնը, տեղյակ էին տոնի բոլոր մանրամասներին, սովորել էին բոլոր երգերն ու պարերը, որոնց տեսանյութերը ես նախօրոք ուղարկել էի: Ճամփորդությունների վայրը հիմնականում ընտրում եմ յուրաքանչյուր ամսվա նախագծերին համապատասխան:
Նախապատրաստական աշխատանքները կատարում ենք դպրոցում կամ տանը՝ ծնողի օգնությամբ:
Ճամփորդության վայրն ընտրելուց հետո համացանցից փնտրում, գտնում ենք տեղեկություններ տվյալ տեղանքի մասին, այդտեղ գտնվող տեսարժան վայրերի, եկեղեցիների, գետերի, սարերի, բնակչության մասին: Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խումբ ստանում է իր հանձնարարությունը, օրինակ՝

տեղեկություն գտնել քաղաքի, գյուղի մասին, տեքստի հետ աշխատել, կարևոր հատվածները դուրս բերել, հրապարակել բլոգներում, ուղարկել իրենց ընկերների էլեկտրոնային հասցեներին, համեմատել գտած տեղեկությունը, սովորել:

Հարցեր մշակել, որոնց միջոցով տեղաբնակներից տեղեկություն կստանան նրանց քաղաքի/գյուղի մասին, նրանց սովորույթների, ավանդույթների մասին:

Ռադիոլուր պատրաստել կամ տեսանյութ նկարահանել, որոնք պատմում են նախապատրաստական աշխատանքների մասին:

Կանոններ մշակել ճամփորդության ընթացքի համար, գործի բաժանում կատարել:

Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյան

Յուրա Ջանջալյանն էլ ներկայացնում է այլոց փորձը։

Համացանցային որոնումներն ինձ առաջինը տարան Հյուսիսային Կարոլինա նահանգի (ԱՄՆ) LEARN NC հանրակրթական դպրոց, որի ուսումնական ճամփորդությունների կազմակերպման փորձի մասին է պատմում Բոբի Հոբգուդի և Լեսլի Ռիչարդսոնի հոդվածը՝ «Planning a successful (and educational) field trip (Հաջողություն ապահովող ուսումնական ճամփորդության պլանավորումը)»: Նրանք իրենց հոդվածը մի խոստումնալից նախադասությամբ են սկսում. «Աշխարհը կարող է քո դասասենյակը լինել, եթե միայն հանգամանալից պլանավորմամբ երաշխավորում ես, որ ուսումնական ճամփորդությունը սովորողների համար նոր բան սովորելու արդյունավետ փորձառություն է»:

Այո, աշխարհը քո դասասենյակն է: Սովորելը կարող է և պետք է ամենուր լինի: Հոդվածի հեղինակները պնդում են, որ ուսումնական ճամփորդությունները հազարավոր տարիներ են կրթության մաս կազմել: Բայց իհարկե, նշել, որ հեշտ գործ չէ արժեք ներկայացնող ուսումնական ճամփորդություններ պլանավորելը, իրականացնելը, դպրոցի տնօրենին համոզելը, ծախսերի և սովորողների անվտանգության մասին հոգալը: Այս բոլոր դժվարություններով հանդերձ, լավ պլանավորված և ուսումնական բաղադրիչներով ամբողջականացված ճամփորդությունը նոր բան ընկալելու հսկայական ներուժ է տալիս սովորողներին: Հոդվածի հեղինակները հարցեր են բարձրացնում և իրենք էլ տալիս են դրանց պատասխանները:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԲԱԺԻՆ 1-  Արշավելու- ճամբարելու, լեռնագնացության հմտությունների և կարողությունների փոխանցում սեփական փորձով  
ԲԱԺԻՆ  2-  Ճամփորդություններն արտակարգ պայմաններում
ԲԱԺԻՆ 3— Քվեստը՝ ճամբարի բաղկացուցիչ

ԲԱԺԻՆ 4— Արշավելու ոսկե կանոններ

ԲԱԺԻՆ 5Սովորողի կարողությունների, հմտությունների աճն ու զարգացումը ուսումնական ճամփորդությունների և ճամբարների ժամանակ


ՎԵՐՋԱԲԱՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՔԵՐ

armland.am

hayrenagitakan.wordpress.com

mskh.am

Սոնա Փափազյանի բլոգ

Dpir.mskh.am

Armalp.am

Categories: Վերապատրաստում, Ատեստավորում | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....